ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Սպասեք նոր ռուբիկհակոբյանների

Սպասեք նոր ռուբիկհակոբյանների
20.09.2015 | 13:48

ԱԺ արտահերթ նստաշրջանում, որը եզրափակեց սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը, հընթացս քաղաքական ու մերձքաղաքական խոսակցությունների գլխավոր թեման մի քանի օր դարձավ «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանի դուրս գալը: Մինչդեռ շատ ավելի կարևոր թեմա էր, թե ինչո՞ւ Ռուբիկ Հակոբյանը անդամագրվեց «Ժառանգությանը» և ի՞նչ դեր խաղաց կուսակցությունում՝ իր լավագույն ու լավագույնին հաջորդած վատագույն ժամանակներում: Եվ քանի որ քաղաքական դաշտի հետագա համատարած կուսակցականացումը բխում է նոր սահմանադրությունից, իմաստ ունի անդրադառնալ կուսակցությունների դերի այդ կողմին: Ինչո՞ւ կուսակցությունները դադարել են լինել գաղափարական միավորումներ և վերածվել են կարիերայի շարժասանդուղքի՝ եթե իշխանական են, դեպի վեր, եթե դառնում են ոչիշխանական՝ դեպի վար: Ռուբիկ Հակոբյանը ոչ առաջինն է, ոչ վերջինը: Այլ կուսակցություններից էլ խմբերով են հեռացել կամ վերադարձել՝ միշտ գերակայությունը տալով կարիերային, այլ ոչ կուսակցական պատկանելությանը: Ո՞վ է հիմա հիշում ԱԺՄ-ն: Կամ՝ ԱԺՄ-ականներին, որ վաղուց ու լավ տեղավորվել են իշխանական բուրգի տարբեր սանդղահատվածներում, մինչդեռ ժամանակին ընդդիմադիր կուսակցություն էին: Ո՞վ է հիշում ՀՀԿ անդամ Վիկտոր Դալլաքյանին, որ հեռացավ կուսակցությունից, երբ որոշեց, որ ընդդիմության աստղը ավելի փայլուն է ու վերադարձավ ՀՀԿ, բայց, միևնույն է, խորհրդարան Վանաձորից մտավ ոչ թե ինքը, այլ՝ Էդմոն Մարուքյանը: Փոխարենը ինքը հաստատվեց նախագահի աշխատակազմում ու, նրա ներկայացուցիչը լինելով Ազգային ժողովում, մոռացավ հասցեն, որտեղ կյանքի լավագույն տարիներն էր ապրել: Ի՞նչ կատարվեց ՀՀՇ-ի հետ, որին Լևոն Տեր-Պետրոսյանը իր ձեռքով սպանեց հայտնի ելույթով: Ի՞նչ կատարվեց ՀԱԿ խմբակցության հետ խորհրդարանում, քանի՞ մասի բաժանվեց: Երբ ՕԵԿ-ը դարձավ ընդդիմություն, քանի՞ մարդ, Սամվել Բալասանյանից բացի, ջնջեց իր ճակատին գրածը՝ նախընտրելով նախարարի ու մարզպետի պաշտոնը, գործարարի անվտանգ կյանքը: Վերջին օրինակը ԲՀԿ-ն տվեց: Ռուբիկ Հակոբյանին էլ, ինչպես իրենից առաջ ու իրենից հետո, տասնյակ իր նման մտածողների՝ կուսակցական տոմսը պետք է իբրև անցագիր՝ ԱԺ, կառավարություն, պետական կառավարման համակարգ մտնելու համար: Վստահաբար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ տարաձայնությունները չեն «Ժառանգությունից» նրա հեռանալու պատճառը, պարզապես կա հարց՝ իսկ «Ժառանգությունը» կլինի՞ հաջորդ խորհրդարանում, ու կա պատասխան՝ քո մասին մտածիր: ՀՅԴ՞-ն անառակ որդու վերադարձը կնշի, թե՞ ՀՀԿ-ն իր լայն գիրկը կառնի ևս մի «մոլորյալի»՝ բոլորովին կարևոր չէ: Ի վերջո, Ռուբիկ Հակոբյանը այն անփոխարինելի ու առանցքային ֆիգուրը չէ քաղաքական դաշտում, ում տեղաշարժերը շրջադարձային նշանակություն ունեն՝ մեկով ավելի, մեկով պակաս՝ գնացքը գնում է իր ռելսերով: Վազգեն Մանուկյանն առաջինը բարձրաձայնեց գնացքից թռչելու ժամանակի մասին: Ճիշտ է՝ ուրիշ գնացքի ու ուրիշ թեմայով, բայց թևավոր խոսքերը թևավոր են, որովհետև բոլոր դեպքերում ու բոլոր ժամանակներում արդիականությունը չեն կորցնում: Այս օրերին կազմավորվում է ապագա խորհրդարանը և կուսակցություններով կարող են գնացքից «թռչել» կամ գնացքի տոմս ստանալ: Հենց սա է քաղաքական դաշտի սամումը, որ ստիպում է կուսակցություններին ու անհատ կուսակցականներին տեսակետ ու որոշում, ծրագիր ու նպատակ ոտնահարել ու առաջնորդվել նպատակահարմարությամբ՝ քաղաքական պայմանավորվածությունները, որ կանխորոշում են ընտրությունների արդյունքները: Հենց քաղաքական պայմանավորվածությունն ու նպատակահարմարությունն են քաղաքական ասպարեզ բերում տարբեր մակաբույծների, որ հարմար տեղավորվում են կուսակցական դրոշի տակ ու հանձնարարված խաղը խաղում՝ եթե պետք է՝ իբրև իշխանություն, եթե պետք է իբրև ընդդիմություն, ոչ մի կապ չունենալով ոչ իրական իշխանության, ոչ իրական ընդդիմության գաղափարի ու գործի հետ: Մենք հայտնվել ենք ձևական-պայմանական գործընթացում, որտեղ դերերը բաշխված են ու ընտրությունների նախօրեին վերաբաշխվում են՝ ընտրությունների օրը ձևականորեն իրավական կարգավիճակ ստանալու համար: Այս գործընթացում տեղ ունեն միայն յուրայինները, իսկ յուրայինները խաղացնում են միայն յուրայիններին՝ կուսակցության անդամությունը դարձնելով բաց աճուրդ, որտեղ ամեն ինչ իր սակագինն ունի թե՜ յուրայինների, թե՜ յուրայինների թեկնածուների համար: Ո՞վ է Ռուբիկ Հակոբյանը, որ կարողանար ընդդիմանալ համակարգային աղորիքներին: Պարզապես մեկը, ով ուզում է ալիքի վրա մնալ ու քանի որ այդ նպատակով հանձնարարված էր «Ժառանգություն» գնալ՝ գնաց, հանձնարարվեց հեռանալ՝ հեռացավ: Իսկ նոր սահմանադրության հանդեպ տածած անսահման սերը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, իբր, չի կիսում, հաստատ ոչ պատճառ է, ոչ էլ հետևանք, ընդամենը պատրվակ է հերթական կուսակցությունից հեռանալը հիմնավորելու: Անհաջող պատրվակ, որովհետև, կրկնում եմ, նրանից առաջ նույն ճանապարհը բազում անցորդներ է ունեցել, կեսը տեղ են հասել, կեսին համակարգը օտարել է, որովհետև իրենց «լավ» չեն պահել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե ոչ տասը տարին մեկ, այլ տարին մեկ էլ Հայաստանում սահմանադրություն փոխվի, չի աշխատելու, քանի մթնոլորտ ու մտածողություն չի փոխվել, քանի ռուբիկհակոբյանականությունը առաջարկ ու պահանջարկ ունեցող ապրանք է: Իսկ դա խեղում է ոչ միայն մարդկային ճակատագրեր, այլևս այլասերում է կուսակցություններին:

Դիտվել է՝ 1186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ